Հայաստանում <քցվում են> ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նաև հայտնի մարդիկ ու նրանց հարազատները: Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը՝ Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը ևս բացառություն չէ: Բայց նա <քցվածի> կարգավիճակում է հայտնվել … հավանաբար ագահությունից:
2005թ.-ի մայիս ամսին Ռազմիկ Դարբինյանը 80.000 ԱՄՆ դոլար է տվել Դանիել Ղասաբողլյանին՝ մետ տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով: Քանի որ ձեռքին եղել է նաև Ղասաբողլյանի տված համապատասխան ստացականը, Ռազմիկ Դարբինյանը շատ անբարեխիղճ բանկերի նման հանգիստ սպասել է 3 տարի՝ հավանաբար հաշվի առնելով, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է և դեռ կհասցնի ստանալ իր գումարները տոկոսների հետ միասին:
Նրա հաշվարկով՝ դատարան դիմելու պահին այդ տոկոսները կազմել են 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը միացնելով մայր գումարին՝ դատարան է ներկայացրել ընդհանուր 95.000 ԱՄՆ դոլարի հայց: Հայտնի չէ՝ պարոն Դարբինյանը մարդասիրությունից դրդված է այդքան երկար սպասել, թե նպատակը նաև վերջին ամսվա տոկոսը ստանալն է եղել, բայց ակնհայտ է, որ նա <քաշվել է>. այդ մեկ ամիսը ուշացնելու պատճառով դատարանն ընդհանրապես զրկել է նրան ոչ միայն տոկոսները, այլ նաև մայր գումարը իրավական ճանապարհով ստանալու իրավունքից: Ավելին, նույնիսկ ստիպված է եղել վճարել 6.400 դոլարին համարժեք ընդհանուր գումար՝ որպես պետտուրք...
Հիմա ո՞րն է վարչապետի հոր ու բանկի տարբերությունը. անբարեխիղճ բանկերը սպասում են մինչև բանկից տոկոսով փող վերցրած քաղաքացու տոկոսներն այնքան աճեն, որ կարողանան տունը խլել նրա ձեռքից, մի սենյակի փողն էլ մաղարիչ անեն իրենց խախտումների վրա աչք փակած պետական կառույցներին: Դա հաջողվում է, որովհետև բանկերի <պապաները> իշխանության մեջ ներաճած քաղցկեղածին ճյուղավորումներ են, որոնք հաստատ հալալ քրտինքով չեն բացել այդ փողակլանիչները: Իհարկե, Արմեն Դարբինյանն էլ է իշխանության մեջ լուրջ պաշտոն զբաղեցրել, բայց նա, ի տարբերություն մյուս վարչապետների՝ չտեսի պես չի հարձակվել բյուջի վրա, չի խժռել ու ԱԺ-ի նմանությամբ տուն ու ռեստորան կառուցել, ու ոչ էլ բանկ է ունեցել... Հայրիկն էլ <քաշվել է> իր խելքից:
|