23:09 Ռուս-ադրբեջանական առևտուր՝ Արցախի հարցում. WikiLeaks | |
![]() Armlur.am-ը գրել է. ԱՄՆ ներքին դիվանագիտական գաղտնի նամակագրությունը հանրայնացրած «Վիկիլիքս»-ի հերթական փաստաթուղթը պատմում է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայաստանյան այցելության ու ընդդիմադիր կուսակցությունների հետ անցկացրած հանդիպումների մասին: «Ժառանգության» ու Հայ ազգային կոնգրեսի հետ ունեցած զրույցների շուրջ համապատասխան զեկուցագիր է կազմել ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս ներկայացնում է ժառանգականների ու կոնգրեսականների տեսակետները քննարկվող հիմնահարցերի շուրջ, որտեղ կենտրոնական դերակատարություն է ունեցել ԼՂ կարգավորման գործընթացը: Փաստաթղթի սկզբում տեղեկանում ենք, որ Բրայզան խնդրել է երկու ուժերին էլ խստագույնս պահպանել զրույցի գաղտնիությունն ու իր խոսքերը չդարձնել հանրային քննարկման առարկա: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» հետ, մասնակցել են Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը: Վերջիններս արտահայտել են իրենց թերհավատությունը փոխզիջումների կապակցությամբ, ապա Սաֆարյանը շեշտել է, որ ԼՂ հայկական տարածք է եւ նրա անկախությունը հաստատված փաստ է: Ժառանգականներն արտահայտել են իրենց անհանգստությունը ԼՂ խնդրում Ռուսասատանի պահվածքի առթիվ՝ նկատելով, որ այդ երկիրը հետապնդում է միայն սեփական քաղաքական ու տնտեսական շահերը, ինչն ավելի շատ դրական է ազդում Ադրբեջանի, քան Հայաստանի համար: Ինչ խոսք, հետաքրքիր է ժառանգականների արտահայտած դժգոհությունը Ռուսաստանի՝ միմիայն սեփական շահերը սպասարկելու կապակցությամբ: Իր հերթին Մեթյու Բրայզան նկատել է, որ «Ժառանգություն»-ը մշտապես հանդես գալով ԼՂ անկախության ճանաչման դիրքերից պետք է հրաժարվի այդ հարցով իշխանությունների վրա կատարած ճնշումներից: Բրայզան կիսել է ռուսական վտանգի շուրջ ժառանգականների մտահոգությունը՝ պնդելով, թե իր տպավորությամբ՝ Ի.Ալիեւն անկեղծորեն հույս ունի, որ ԼՂ արդյունավետ բանակցություններից հետո կկարողանա Հայաստանը հեռացնել ռուսական ազդեցության տիրույթից: Դրա հնարավոր արդյունքներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության արդյունքում կստեղծվի տրանզիտային միջանցք եւ Բաքու-Հայաստան-Թուրքիա ուղղությամբ դեպի Եվրոպա ընթացող գազամուղ: Բրայզայի պնդմամբ, Ալիեւը հասկանում է, որ Ադրբեջանի անկախությունը կախված է դեպի Եվրոպա էներգիայի մատակարարման ուղիներին տիրապետելուց, որը պիտի լինի ազատ ռուսական վերահսկողությունից: Բրայզայի ներկայացրած սրտաճմլիկ պատկերից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Ալիեւի ողջ մտահոգությունը հայ-ադրբեջանական համագոործակցությունն է ու Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելը: Չբացառելով Ալիեւի՝ ամերիկացիներին նման հեքիաթային ծրագրեր հրամցնելու հավանականությունը՝ կարելի է զարմանալ վերջիններիս դյուրահավատության վրա: Ահավասիկ, առաջիկայում ԵՏՄ առնչությամբ ռուս-ադրբեջանական հավանական «առեւտուրն» ու Ղարաբաղի գործոնը ի դերեւ կհանեն Ալիեւի իրական նպատակները: Բրայզայի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ գործիչներից Դ. Շահնազարյանն ու Լ.Զուրաբյանը բարձրացրել են ԼՂ կարգավորման ամենասուր հարցերը, որոնց համատեքստում Շահնազարյանը պնդել է, որ «մինչեւ 1992թ. ապրիլը ՀՀ եւ ԼՂ միջեւ գոյություն ունեցող միջանցքը վերահսկում էին ռուսական զորքերը եւ ղարաբաղցիները լավ են հիշում, որ նույնիսկ մեկ կիլոգրամ շաքարավազ հնարավոր չէր անցկացնել», ինչը անապահով միջանցքի լավագույն առհավատչյան է: Բրայզան պատասխանել է, որ բոլոր բանակցողներն ու անգամ Ալիեւն է հասկանում, որ ԼՂ խնդրում անհնար է լուծում գտնել առանց ղարաբաղցիների ֆիզիկական-տնտեսական անվտանգության ապրելու երաշխիքների ապահովման:
| |
|
Всего комментариев: 0 | |