
ESem.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ սերիալում նկարահանվելն իրեն առանձնապես շատ բան չի տվել: «Դերասանը հոգեպես բավարարվում է թատրոնում»,- ասաց Արմինեն, ով խաղում է կոմերցիոն ներկայացումներում, Էդգար Էլբակյանի անվան թատրոնի դերասանուհի է:
Այս շրջանում նա խաղում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման մեջ, իսկ սեպտեմբերին հանդես կգա Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման շրջանակներում: «Դերս արդեն հաստատված է, ներկայանալու եմ մորաքրոջ կերպարով»,- ասաց Արմինեն, ով այս տարի ավարտում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանական արվեստի բաժինը և արդեն ունի մագիստրոսի կոչում:

Սերիալային դերասանուհին ESem.am-ին հայտնեց, որ օրերս իրեն անհանգստացրել է մի միջադեպ: «Իմ տվյալներով էջ են բացել “Facebook” սոցիալական ցանցում և նամակներ են գրել բոլոր ընկերներիս: Այնպիսի լեքսիկոնով ու բովանդակությամբ նամակներ են գրել, որն ինձ վարկաբեկում է,- ասաց նա և հավելեց, որ չգիտի, թե ով է կանգնած այդ ամենի հետևում: -Փաստն այն է, որ այդ մարդն ինձ շատ լավ է ճանաչում: Ընկերներս, իբր բանից անտեղյակ, փորձել են հարցուփորձ անել` հասկանալու, թե ով է կանգնած այս ամենի հետևում, իմ առօրյայից այնպիսի բաներ է ասել, որ ակնհայտ է` ինձ ճանաչում է: Սակայն գրում է նաև անձնական բնույթի այնպիսի նամակներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ»:
|