02:15 Աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողի եկամուտը կազմել է 94 մլն դոլար | |
Զարմանալի է, բայց աշխարհի ամենաեկամտաբեր մասնագիտությունների շարքում իր կայուն ու հաստատուն տեղն է զբաղեցնում գրողի մասնագիտությունը: Չնայած այն կարծիքին, որ 21-րդ դարում գրքեր քիչ են կարդում, ընթերցասեր հասարակությունը ապահովում է գրողների միլիոնների եկամուտը: Թրիլլերային վեպերի հայր համարվող ամերիկացի հայտնի գրող Ջեյմս Պատերսոնը, ըստ «Forbes» ամսագրի աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողն է: Նրա ընդհանուր եկամուտը 2010թ-ի մայիսից մինչեւ 2011թ-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում կազմել է 84 միլիոն դոլար, իսկ 2012-ին՝ 94 միլիոն դոլար: Ջեյմս Պատերսոնը ծնվել է 1947 թ-ի մարտի 22-ին ԱՄՆ-ի Նյուբուրգ քաղաքում: Այժմ նա բնակվում է Ֆլորիդա նահանգում կնոջ ՝Սյուզանի եւ որդու՝ Ջեքի հետ: Պատերսոնն իր բակալավրի որակավորումը ստացել է Մանհետնի քոլեջում, իսկ մագիստրոսի որակավորումը պաշտպանել է Վանդերբիլթի համալսարանում: Ջեյմսի ստեղծագործական ջիղը մանուկ հասակում չի նկատվել: Թեպետ շատ այլ գրողներից տարբերվում է այն փաստով, որ նա մանուկ հասակում չի ստեղծագործել, սակայն, այսօր իրենից հետ է թողել բազմաթիվ աշխարհահռչակ գրողների,ինպիսիք են Գաբրիել Գարսիա Մարկեսը, Պաուլո Կոելյոն, Ջանետ Իվանովիչը, Ստիվեն Քինգը եւ այլոք:Նրա հետաքրքրությունը հիմնականում եղել է մարքեթինգը, եւ մինչեւ աշխարհի ամենապահանջված գրող դառնալը Ջեյմս Պատերսոնն աշխատել է գովազդային ոլորտում: Համատեղելով աշխատանքը ստեղծագործելու հետ՝ 1976թ-ին լույս է տեսնում նրա առաջին վեպը` «Թոմաս Բերրիմանի համարը», որը դժվարին հրատարակման ուղի է անցնում՝մերժվելով 26 հրատարակչությունների կողմից: Հաջողակ աստղի տակ ծնված Ջեյմս Պատերսոնի առաջին գիրքը միանգամից դառնում է բեսթսելեր եւ արժանանում Էդգար Ալլան Պոի մրցանակի` լավագույն դեբյուտային (դեբյուտ-ստեղծագործողի առաջին ներկայանալը հասարակությանը) վեպ անվանակարգում: 1993թ-ին լույս է տեսնում նրա «Ահա,եկավ սարդը» վեպը, որով Պատերսոնը դառնում է Ամերիկայի ամենաճանաչված դետեկտիվ գրողներից մեկը: Թրիլլերի ամենավառ վարպետ համարվող 65-ամյա գրողին հատկապես մեծ հռչակ է բերել հոգեբան Ալեքս Քրոսի մասին գրքերի շարքը, որը վերջին 10 տարիների ամենապահանջված գրքերն են ԱՄՆ-ում: 1996թ-ին Պատերսոնը կյանքը նվիրում է ստեղծագործելուն եւ թողնում է գովազդային աշխատանքը: Իր ստեղծագործելու 36 տարիների ընթացքում նա գրել է ավելի քան 70 վեպեր, այդ թվում քրեավեպեր եւ մանկական գրքեր,որոնց համար էլ ստացել է գրական մրցանակներ՝ դառնալով հաղթող «BCA Mystery Guild’s» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն թրիլլեր» եւ «Տարվա լավագույն միջազգային թրիլլեր» անվանակարգերում եւ «Reader’s Digest Reader’s Choice » մրցանակաբաշխությունում: Նրա ընթերցողների մեջ կան ավելի քան 15.000 երեխաներ, որոնք էլ իրենց հերթին Ջեյմս Պատերսոնին հաղթանակ բերեցին «Children’s Choice Book Award»-ի «Տարվա Հեղինակ» անվանակարգում: Պատերսոնը 19 անգամ հայտնվել է «Նյու Յորք Թայմսի բեսթսելերների» առաջին հորիզոնականում եւ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` միեւնույն հեղինակի ունեցած ամենաշատ բեսթսելերների (76) քանակով: Վերջին երեք տարիների ընթացքում նա ավելի շատ գիրք է վաճառել, քան Սթիվեն Քինգը, Ջոն Գրիշեմը եւ Դեն Բրաունը միասին վերցրած: Ընդհանուր առմամբ նա վաճառել է իր գրքերի ավելի քան 260 մլն օրինակ: Նրա բազմաթիվ նովելների հիման վրա նկարահանվել են հեղինակավոր ֆիլմեր եւ սերիալներ, այդ թվում ՝ «Ահա,եկավ սարդը», «Մեռնել առաջինը», «Ալեքս Քրոս», «Աղջիկների համբույրը» եւ այլն: | |
|
Всего комментариев: 0 | |