Ռուսական պաշտոնական շրջանակները այս ծրագրերը ներկայացնում են որպես «ղարաբաղյան խնդրի լուծում», զուգահեռ փորձելով նվազեցնել Մինսկի խմբում մյուս համանախագահների, մասնավորապես ԱՄՆ-ի դերը: Նրանք նշում են, որ Ղարաբաղի խնդրի չլուծվածության պատճառն այն է, որ ԱՄՆ ցանկանում է Ռուսաստանին պահել չլուծված հակամարտությունների շրջապատման մեջ, որպես լծակ նրա դեմ:
Թե ինչպես է Մոսկվան պատկերացնում Ղարաբաղի խնդրի լուծումը, կարելի է դատել պաշտոնական շրջանակների հայտարարություններից: Մոսկվան նախատեսում է Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը, որի դեպքում Ղարաբաղը վերադարձվում է Ադրբեջանի կազմ: Փաստացի, կրկնվում է 1920 թվականի սխեման, որեւէ նոր բան չկա (ի դեպ, այդ նույն ժամանակ հրապարակ հանվեց ԱՄՆ նախագահ Վիլսոնի հայտնի ծրագիրը Հայաստանի վերաբերյալ, որը տապալվեց ռուս-թուրքական համատեղ ջանքերով): Իսկ եթե Ադրբեջանը համառի, ապա իրավիճակը սրելով, Մոսկվան կարող է զորք մտցնել Ղարաբաղ, «Հայաստանի խնդրանքով»:
Իր հերթին, նկատելի է, որ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ նման զարգացումը: Ամերիկյան մի քանի նահանգներ ճանաչել են ԼՂՀ անկախությունը, որը յուրօրինակ ուղերձ է հայկական կողմին: Բացի այդ, ԱՄՆ-ն ներկայում շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, ինչը Հայաստանին ներկայիս իրավիճակում թերեւս միակ ձեռնտու տարբերակն է:
Այդ պատճառով, Մոսկվան, այդ թվում հայաստանյան իր ալիքներով, փորձում է վարկաբեկել ԱՄՆ դերը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ընդ որում, հղումներ են արվում նաեւ Ղարաբաղյան պատերազմին, թե իբր հայերը հաղթել են ռուսների օգնության շնորհիվ, իսկ Արեւմուտքը եւ մասնավորապես ԱՄՆ-ն հակահայկական դիրք էին բռնել:
Ղարաբաղում հայերը հաղթեցին միայն այն բանից հետո, երբ ռուսները հեռացան տարածաշրջանից: Ընդ որում, Ադրբեջանի ռազմական հաջողությունները պատերազմի սկզբում պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան ոչ թե պարզապես օգնում էր Ադրբեջանին, այլ ռուսական բանակն էր կռվում հայերի դեմ, Ադրբեջանի կողմից:
Կա տարածված մի մտայնություն, ըստ որի՝ Թուրքիան 1990-ականների սկզբին չի միջամտել պատերազմին, քանի որ վախեցել է ռուսական հրթիռներից (Ռուսաստանն այդ ժամանակ այնպիսի վիճակում չէր, որ Թուրքիան վախենար): Իրականում, Թուրքիային զսպել է ԱՄՆ-ն, ավելին՝ ստիպել է իր տարածքով հացահատիկ եւ կենսական նշանակության այլ ապրանքներ տեղափոխել Հայաստան:
Բացի այդ, ԱՄՆ պատերազմի սկզբում ընդունել էր 907 ուղղումը, ըստ որի՝ արգելվում էր զենք վաճառել կամ մատակարարել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Ռուսաստանը ամբողջական դիվիզիաներ էր նվիրում նրան:
Կան նաեւ շատ այլ հանգամանքներ, կապված Ղարաբաղյան պատերազմի հետ, որոնք սակայն խնամքով մոռացության են տրվել, որոնց մասին «հակամարտության կողմերը» գերադասում են չխոսել տարբեր պատճառներով:
Ի՞նչը կընտրեն հայերը՝ հայ-ռուսական բարեկամությո՞ւնը, թե սեփական ազգային շահերը: Հայաստանի ու Ղարաբաղի խորհրդարանները հուսահատ կոչ են հղել միջազգային հանրությանը՝ հակամարտությունը «Մինսկի խմբի շրջանակներում լուծելու» համար: Սա գոնե նշանակում է, որ խնդիրը գիտակցվում է:
«Հակամարտության գոտում» պետք է լինի միայն հայկական զորքը: Դրանում շահագրգռված են առնվազն Միացյալ Նահանգներն ու Իրանը: