17:31 Ուղեղի հինգ գաղտնիքները. ինչպե՞ս դառնալ հանճարեղ. ֆոտո | |
![]() Galatv.am-ը գրում է. Երկար հարյուրամյակներ ուղեղը բացարձակ առեղծված է եղել: Միայն քսաներորդ դարի վերջին գիտնականները սկսեցին բացահայտել դրա գաղտնիքները: Վերջին տարիներին հզոր համակարգիչների եւ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կատարվեցին հետագա լուրջ հայտնագործությունները: Սակայն այդ օրգանի աշխատանքի մեջ դեռ շատ բան անհասկանալի է մնում: Ահա հետազոտության հինգ կարեւոր ուղղություններ, որոնք փորձում են բացահայտել ուղեղի վերջին գաղտնիքները… Ինչպե՞ս հանճարներ դարձնել մեզ բոլորիս Ուղեղի ռեսուրսներն ակտիվացնելու համար մարդիկ սովորաբար կոֆեին են օգտագործում: Բացառված չէ, որ շուտով մեր կյանք կմտնեն հատուկ դեղահաբեր, որոնք կկարողանան օգնել, ասենք՝ քննություններին բարձր միավորներ ստանալու համար: Նեյրոբիոլոգ Բարբարա Սահակյանը՝ Քեմբրիջի համալսարանից, ուսումնասիրում է նոոտրոպիկ (nootropic) ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, որոնք մեզ խելացի են դարձնում: Նա ոչ միայն ուսումնասիրում է դրանց ազդեցությունը վիրաբույժների կամ օդաչուների վրա, այլեւ հետաքրքրվում է, թե արդյո՞ք դրանք կարող են բարելավել, օրինակ, մեր ձեռնարկատիրական ունակությունները: Մինչդեռ, Սահակյանը նախազգուշացնում է, որ դեռեւս տվյալներ չկան, թե դրանց երկարատեւ օգտագործումն ինչպես կարող է ազդել մեզ վրա: Նրա կարծիքով դեղերի շրջանառության գիտական եւ էթիկական կողմերը եւս պետք է քննարկել: Ինչպե՞ս ընտելացնել սեփական ենթագիտակցությունը Օրինակ, երբ երաժշտական գործիք են նվագում կամ չեզոքացնում են ռումբերը: Գիտությունը ցույց է տալիս, որ այդ դեպքերում մեզ կօգնի ենթագիտակցության զսպումը: Բոլորին է հայտնի, որ բազմակի անգամ նվագելով երաժշտական բարդ հատվածները՝ երաժիշտները դրանք ավելի լավ են հիշում: Սակայն թավջութակահար Տանյա Լիսբոան պնդում է, որ նաեւ օգտակար է բարդ հատվածները գիտակցությունից տեղափոխել ենթագիտակցություն (այսինքն՝ ուղեղի համապատասխան հատվածները): Փորձերից հետո այս կամ այն ստեղծագործությունը պահվում է փոքր ուղեղում` ուղեղի հետին մասի հատվածում: Նեյրոբիոլոգ, պրոֆեսոր Անիլ Սեթը` Սասսեքսի համալսարանից, բացատրում է. «Այնտեղ ավելի շատ ուղեղի բջիջներ կան, քան ուղեղի մնացած մասում: Այն նպաստում է ինքնաբուխ շարժումների զարգացմանը: Երբ մեղեդին նոր է կամ բարդ, այն յուրացնելու ջանքերը կենտրոնանում են գլխուղեղի կեղեւի շերտում, ապա փոխանցվում փոքր ուղեղին, որին լավ է հաջողվում վերարտադրել ինքնաբուխ վարքագիծը ենթագիտակցաբար, ըստ պահանջի»: Առաջին հայացքից երաժշտության եւ պաշտպանության միջեւ քիչ բան կա, բայց ենթագիտակցությունը կարող է նաեւ օգնել բացահայտել հնարավոր սպառնալիքները՝ ամբոխի մեջ կասկածելի մարդկանցից մինչեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Ինչու՞ են մեզ պետք երազները Հին Միջագետքում ընդունված էր համարել, որ քնի ժամանակ հոգին թողնում է մարմինը եւ այցելում բաղձալի վայրեր: Արագ քնի փուլը, որը տեղի է ունենում մոտ ամեն կես ժամը մեկ, սկսվում է ազդակներով` ուղեղի հիմքից, որոնք ի վերջո հասնում են գլխուղեղի կեղեւին` ուղեղի արտաքին շերտին, որը պատասխանատու է մտածելու եւ տեղեկությունները յուրացնելու համար: Նյարդային այդ ազդակները նաեւ ուղարկվում են ողնուղեղ` առաջացնելով վերջույթների ժամանակավոր անշարժացում: Պրոֆեսոր Ռոբերտ Սթիքգոլդը Բոստոնի բժշկական կենտրոնի քնի եւ ճանաչողության բաժնից պնդում է, որ երազներն անհրաժեշտ են հիշողությունների վերամշակման համար: Սթիքգոլդն ապագայից ակնկալում է «տեսնել մի ուսումնասիրություն, որը կորոշի կանոնները, որով կարելի է կառուցել երազները եւ այն ամենն, ինչը կապված է ավելի լայն խնդրի` քնի ժամանակ հիշողությունների վերամշակման հետ»: Եւս մեկ, սակայն դեռեւս անհասանելի նպատակ է սովորել տեսնել միայն ուրախ երազներ եւ ազատվել վատերից, հատկապես մղձավանջներից: | |
|
Всего комментариев: 0 | |